«Մելլաթ բանկն ապահովում է Հայաստան-Իրան առեւտրաշրջանառության ավելի քան 50%-ը». բանկը 30 տարեկան է

20.05.2025 | 10:27 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
1995-ին՝ դեռեւս չձեւավորված ֆինանսական համակարգում, Մելլաթ բանկը համարձակ քայլ արեց ու եկավ Հայաստան:

30 տարի անց բանկի գործադիր տնօրեն Սեյեդ Ղոլամռեզա Մուսավին վստահեցնում է՝ արժեր հաղթահարել դժվարությունները. բանկը դարձել է Իրանի կայուն ֆինանսական ներկայության խորհրդանիշը Հայաստանում:

- Պարոն Մուսավի, նախ շնորհավորում եմ Մելլաթ բանկի 30-ամյակի կապակցությամբ։ Ի՞նչ զգացողություն ունեք այս հոբելյանական պահին:

- 30 տարի Հայաստանում. ազդեցիկ թիվ է, որը վկայում է՝ մենք արմատներ ունենք այս երկրում։ Հաճելի է եւ հպարտություն է, որ կարողացել ենք մեր երկրների՝ Իրանի եւ Հայաստանի բարեկամական կապում մեր դերն ունենալ։

- Տարածաշրջանում բանկն իր մասնաճյուղն ունի Թուրքիայում եւ Հայաստանում: 1995 թ.-ին ինչպե՞ս որոշում կայացվեց լինել նորանկախ երկրում, որը նույնիսկ զարգացած ֆինանսական համակարգ չուներ:

- ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ մի շարք պետություններ անկախացան, Իրանի քաղաքականությունն էր ունենալ բանկեր կամ մասնաճյուղեր նորանկախ երկրներում։ Մելլաթին բախտ վիճակվեց լինել այդ բանկը եւ մինչ օրս թե՛ մեր խորհրդի անդամներին, թե՛ Իրանի Մելլաթ բանկի ղեկավարներին ասում եմ՝ մեզ համար հաջողություն ու երջանկություն էր, որ հենց Հայաստանում ունեցանք մեր բանկը, եւ այն բոլորից լավն է։


Այո, նորանկախ ՀՀ-ի ֆինանսական շուկան այդ տարիներին կայուն չէր, բայց այստեղ բանկ ունենալու նպատակն այնքան էլ շահույթը չէր, որքան երկու երկրների առեւտրային հարաբերություններն ավելի պարզեցնելը: Ի սկզբանե բանկը շահ չէր հետապնդում, հավատացեք, եթե շահը լիներ, ապա Մելլաթը Թեհրանում պարզապես մեկ մասնաճյուղ էլ կբացեր՝ հաշվի առնելով նաեւ, թե ինչ խնդիրների է բախվել բանկն իր առաջին տարիներին։

- Ի՞նչ խնդիրների մասին է խոսքը, ինչպե՞ս հաղթահարեցիք:

- Նորանկախ պետություններում իրավական, ֆինանսական համակարգերի ձեւավորման ընթացքում ի հայտ են գալիս մի շարք խնդիրներ՝ ուղեկցված տնտեսական անկայունությամբ։ Առաջին տարիներին Մելլաթ բանկը տրամադրած վարկերի հետ կապված խնդիր ունեցավ, որի հիմքում օրենսդրական բացերն ու վերահսկողության թերի մեխանիզմներն էին: Բանկը, սակայն, կարողացավ հաղթահարել, հետագայում վերականգնել վնասները, ներգրավել նոր ներդրումներ եւ պահպանել իր դիրքը։

2014-ի ռուսական ճգնաժամի ազդեցությամբ ռուբլու տատանումները հասան նաեւ Հայաստան։ ՀՀ ԿԲ-ն բարձրացրեց բանկերի նվազագույն կապիտալի շեմը՝ մինչեւ 2017-ը լրացնելու պահանջով։ Հենց այդ ժամանակ ստանձնեցի տնօրենի պաշտոնը, երբ անհրաժեշտ էր կապիտալը 10 միլիարդից հասցնել 30 միլիարդ դրամի: 2016-ի կեսերին այն արդեն 32 մլրդ էր, Իրանի մայր բանկի ներդրումը՝ մոտ 50 միլիոն դոլար, հաջողված քայլ էր՝ ՀՀ դրամի ամրապնդման ֆոնին։ Իհարկե, ամենամեծ մարտահրավերը միջազգային պատժամիջոցներն էին։ 2018-ից հետո Մելլաթի արտարժութային հաշիվների սպասարկումը դադարեցվեց։ Այսօր, չնայած բոլոր դժվարություններին, անհավատալի է, բայց բանկը շարունակում է գործել Հայաստանում ընդամենը մեկ դրամային հաշվով։ Կարծում եմ՝ բանկի տոկունությունն ու ճկուն կառավարումը փաստ է։

- Դժվար ճանապարհից հետո ի՞նչ հաջողություններ կառանձնացնեք:

- Վերջին տարիների կարեւոր ձեռքբերումներից մեկը տեղեկատվական անվտանգության միջազգային սերտիֆիկացում ստանալն էր, այս ուղղության զարգացման ներդրումները շարունակական են: 2021 թ.-ին սկսեցինք աշխատել սեփական տարածքում: Սա վկայում է, որ երկարաժամկետ ծրագրեր ունենք եւ պատրաստ ենք շարունակել գործունեությունը ՀՀ-ի ֆինանսական շուկայում՝ ավելի կայուն եւ հաստատուն հիմքով։ Առանցքային հաջողություն է, որ Իրանի եւ Հայաստանի միջեւ առեւտրաշրջանառության ավելի քան 50%-ը սպասարկվում է Մելլաթ բանկի միջոցով, ինչը եղել է մեր ռազմավարական նպատակներից մեկը։ Մենք նաեւ մասնակցել ենք Իրան-Հայաստան գործակցության շրջանակում իրականացվող ամենամեծ ենթակառուցվածքային նախագծերից մեկին՝ Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցման ծրագրին՝ ընկերություններին տրամադրելով ֆինանսական երաշխիքներ: Պատրաստ ենք նույն կերպ մասնակցել ծրագրի 2-րդ փուլին եւ համոզված ենք՝ առավել ամրացնելու ենք Իրան-Հայաստան ֆինանսական կամրջի դերը:

- Ի՞նչ արժեքներ է բանկն ի սկզբանե որդեգրել, որոնք մինչեւ օրս պահպանում է։

- Բիզնեսում նպատակը, այո, շահն է, բայց միշտ կարեւորել ենք մարդկային հարաբերությունների պահպանումը՝ թե՛ թիմում, թե՛ գործընկեր բանկերի, թե՛ հաճախորդների հետ գործակցության ընթացքում։ Վարկերի տրամադրման գործընթացից սկսած մինչեւ աշխատակիցների եւ գործընկերների հետ առօրյա շփումներ՝ փորձել ենք կարեւորել վստահությունն ու հարգանքը։ Իրանի Մելլաթ բանկի կարգախոսների անփոփոխ հիմնասյունը եղել է «հաճախորդը միշտ ճիշտ է» սկզբունքը: Ե՛վ Իրանում, եւ՛ Հայաստանում հավատում ենք, որ ժամանակակից բանկային համակարգում հաջողության հասնելու բանալին ոչ միայն նորարարական տեխնոլոգիաներն ու ֆինանսական գործիքներն են, այլեւ՝ վստահության մթնոլորտը եւ բարեխիղճ ծառայությունը։


- Ինչպե՞ս է Մելլաթը հարմարվում հաճախորդների փոփոխվող պահանջներին ու կարիքներին։

- Անկե՞ղծ խոստովանեմ, հաճախ դժվար է: Մեր հիմնական մարտահրավերներից մեկն այն է, որ պատժամիջոցների պատճառով դեռեւս չենք կարողանում տրամադրել բանկային քարտեր, բացը հոգատարությամբ ենք լրացնում. մեր աշխատակիցներն ավելի երկար են աշխատում, առավել համբերատար են: Օրինակ՝ վարկային ծառայությունների մատուցման ընթացքում ձգտում ենք, որ վարկառուն առաջին իսկ օրվանից զգա բանկի աջակցությունը։ Չենք սահմանափակվում վարկ տրամադրելով ու շահույթ ստանալով, հատկապես այն վարկառուների դեպքում, որոնք ՀՀ-ում տնտեսական գործունեություն են ծավալում: Մեր գլխավոր սկզբունքն է՝ հաճախորդը զգա, որ բանկն իր կողքին է ոչ միայն լավ, այլեւ՝ բարդ ժամանակներում։

- Այսօր ֆինանսական շուկան ՀՀ-ում կայացել է, մրցակցությունը՝ ավելացել: Ինչպե՞ս եք դիմանում գործընկեր բանկերի մրցակցությանը:

- ՀՀ-ի ֆինանսական շուկայի կայունությունը եւ տնտեսական աճն անկեղծորեն ուրախացնում են, քանի որ դրական են անդրադառնում բանկերի ֆինանսական ցուցանիշների վրա։ Ցավոք, Իրանի դեմ կիրառված պատժամիջոցները թույլ չեն տալիս կյանքի կոչել մեր բոլոր գաղափարները, բայց կատարելագործում ենք մատուցվող ծառայությունները։ Անկեղծորեն ուրախանում ենք մեր գործընկերների հաջողություններով, քանի որ հավատացած ենք՝ բանկային համակարգի ամրապնդումը բերում է ամբողջ երկրի զարգացում: Հենց այդ զարգացման ճանապարհին մենք էլ կկարողանանք քայլել՝ մեր ներդրումն ունենալով Հայաստանի ֆինանսական կայունության ապահովման գործում։

- Հսկա թիմի մասնիկ եք, ինչպե՞ս Ձեր ստեղծած թիմը կբնութագրեք, ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում ղեկավարելիս, որ աշխատակիցները երկար տարիներ մնում են Մելլաթում:

- Առաջնորդման ամենակարեւոր սկզբունքը եղել ու մնում է անկեղծությունը եւ թիմային ոգին: Եթե ղեկավարը թիմի հետ անկեղծ է, ժամանակի ընթացքում այդ անկեղծությունը դառնում է փոխադարձ՝ ձեւավորելով վստահության վրա հիմնված հարաբերություններ: Մեր բանկում ընդունված չէ հաջողությունները վերագրել միայն ղեկավարին, իսկ ձախողումները՝ աշխատակիցներին, երկուսն էլ բոլորինն է: Երբ բարդություն է առաջանում եւ ինձ են ներկայացնում, երբեք չեմ մեղադրում, չեմ ասում՝ «ձեր սխալն է, դուք լուծեք», հակառակը՝ նախ ինքս եմ լուծում փնտրում: Վստահ եմ՝ այս վերաբերմունքը զգացել են բոլոր աշխատակիցները: Եթե կա որեւէ բան, որ ուզում եմ պահպանել նաեւ առաջիկա տարիներին, դա հենց մարդկային, անկեղծ եւ միավորված թիմի ոգին է։

- Ձեր փորձը ցույց է տալիս՝ հաճախորդները միայն ավելանում են. սկսել եք մոտ 100 հաճախորդով, այժմ 5000-ին եք մոտենում: Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկա տարիների համար:

- Ուշադրության կենտրոնում գտնվող նախագծերից մեկը մոբայլ բանկինգի նոր համակարգի ներդրումն է: Մեր հիմնական նպատակն է, որ համակարգը ոչ միայն համապատասխանի ժամանակակից պահանջներին, այլեւ՝ բարձրացնի մեր ծառայությունների որակը եւ արդյունավետությունը՝ ի նպաստ մեր հաճախորդների։ Տարիների ընթացքում որոշ դժվարությունների պատճառով այս նախագծի իրականացումը հետաձգվել է, ներկայում անում ենք հնարավորը, որ առավելագույնը 2026 թ.-ի կեսին լիարժեք գործի համակարգը։ Օր օրի զարգացնում ենք մեր վարկային պորտֆելն ու ավելի ճկուն դարձնում, իսկ հաճախորդների աճն ապացույց է, որ մենք հաջողում ենք:


- Մելլաթ բանկը հաջորդ 10 տարվա ընթացքում ինչպե՞ս եք պատկերացնում:

- Մեծ հույս ունեմ եւ վստահ եմ, որ միջազգային պատժամիջոցները կվերանան ու լիարժեք կաշխատենք: Համոզված եմ՝ կհասնենք այն փուլին, երբ կբացվեն մեր արտարժութային հաշիվները, կունենանք մասնաճյուղեր, SWIFT համակարգի հասանելիություն: Կգա օրը, երբ ժպիտով կհիշենք դժվարությունների մասին մեր զրույցը, վստահ եմ՝ այդ օրը չի ուշանա։

- Ի՞նչ է Մելլաթ բանկն անձամբ Ձեզ համար։

- Մելլաթ բանկը, կարելի է ասել, իմ երկրորդ տունն է, որը, ճիշտն ասած, շատ մոտ է իմ առաջինին։ Արդեն 27 տարի է՝ աշխատում եմ Մելլաթ բանկում, որից 15 տարին՝ Հայաստանում: Անկեղծ եմ ասում՝ բանկում պարզապես աշխատակիցներ չեն, նրանց հետ անցել եմ բարդ ճանապարհ՝ լի դժվար պահերով ու մեծ հաջողություններով։
Դիտում՝ 3010
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW
OSZAR »