Առողջապահության ոլորտի առաջին ընկերությունը ցուցակվել է Հայաստանի ֆոնդային բորսայում

20.05.2025 | 15:15 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#«Արինտերլեւ» ՓԲԸ #Հայաստանի ֆոնդային բորսա
«Արինտերլեւ» ՓԲԸ-ն («Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն) այսօր պատմական քայլ կատարեց՝ դառնալով Հայաստանի առողջապահական ոլորտի առաջին ընկերությունը, որի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում։

Այսօր ավանդական բորսայական զանգի հնչեցման արարողության ընթացքում ստորագրվեց ցուցակման պաշտոնական որոշումը, որով ազդարարվեց ընկերության մուտքը կապիտալի շուկա:

Այս նշանակալի իրադարձությունը ոչ միայն պատմական նախադեպ է, այլ նաեւ հստակ ուղերձ ոլորտի այլ ընկերություններին այն մասին, որ կապիտալի շուկան իրական հնարավորություն է ֆինանսական միջոցներ ներգրավելու եւ երկարաժամկետ զարգացման ռազմավարությունները կյանքի կոչելու համար։

«Արինտերլեւ» ՓԲԸ պարտատոմսերը՝ ընդհանուր 1 մլրդ ՀՀ դրամ ծավալով, մայիսի 23-ին ցուցակվելու են Բորսայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում։ Ցուցակվելու են 20,000 պարտատոմսեր՝ յուրաքանչյուրը 50,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 12% արժեկտրոնային եկամտաբերությամբ եւ 36-ամսյա շրջանառության ժամկետով։ Վերոնշյալ արժեթղթերով թույլատրվելու են հասցեական առեւտուրը եւ ռեպո գործարքների կնքումը։

Ներդրողներն արդեն մայիսի 23-ից հնարավորություն կունենան մասնակցելու «Արինտերլեւ» ՓԲԸ-ի պարտատոմսերի առեւտրին։

Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել է 2025 թվականի ապրիլի 1-ից 11-ը ընկած ժամանակահատվածում՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ միջոցով։

Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը նշել է.

«Վարդանանց բժշկական կենտրոնի ցուցակումը կարեւոր եւ նախադեպային քայլ է՝ կապիտալի շուկայի ոլորտային դիվերսիֆիկացման եւ առողջապահական համակարգի կայուն զարգացման տեսանկյունից։ Այն վկայում է, որ կապիտալի շուկան բաց է տնտեսության տարբեր ճյուղերի համար՝ դառնալով հուսալի, թափանցիկ եւ արդյունավետ հարթակ նորարար ծրագրերի ֆինանսավորման համար։ Այս քայլը նաեւ ամրապնդում է ներդրողների վստահությունը եւ խթանում է առողջապահության ոլորտի ինստիտուցիոնալ զարգացումը»։

«Առանց ավելորդ համեստության կարող եմ ասել, որ Վարդանանցի թիմը այսօրվան եկել է ավելի քան 22 տարի: Սա թիմի նվիրվածության, կառավարման եւ որակի վերահսկման  համակարգերի արդյունավետության  արդյունքներն են:  

Այսօրվա հնչած զանգով ազդարարվեց հայաստանյան պարտատոմսերի շուկայի համալրումը՝ տնտեսության նոր սեգմենտում ներդրումներ կատարելու հնարավորությամբ: Այսուհետ առողջապահությունը եւս ներկայացված է հայաստանյան բորսայում, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ պարոն Եգանյանին:

Մենք՝ Վարդանանցում հաստատակամ ենք էֆեկտիվ կառավարման, զուսպ գների, ֆինանսական թափանցիկության եւ ֆիսկալ կարգապահության քաղաքականությունների շնորհիվ լայնացնել արժեթղթերի շուկայում մեր ներկայացվածությունը:  

Դա հարկավոր է Վարդանանցին զարգացման տեմպերը պահպանելու համար՝ ի շահ  մեր բուժառուների»,- ասել է «Վարդանանց»-ի գլխավոր տնօրեն Լեւոն Ալթունյանը:

«Մեր ընկերությունների խումբը՝ ի դեմս ԷՖԵՍ-ի եւ Վարդանանցի, շարունակելու է նպաստել ՀՀ առողջապահության համակարգի զարգացմանը` ներդնելով առողջության միջազգային երաշխիքներ եւ գերժամանակակից ախտորոշման եւ բուժման մեթոդներ»,- ասել է Վարդանանց ՆԲԿ Տնօրենների Խորհրդի անդամ, «Ինթելլիջենթ Մենեջմենթ» ընկերության տնօրեն Արեւշատ Մելիքսեթյանը։

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը նշել է․ «Կոնվերս Բանկը բիզնեսի տարբեր ոլորտների ընկերություններին a to z ձեւաչափով աջակցություն է ցուցաբերում պարտատոմսերի թողարկման ու տեղաբաշխման հարցում՝ սկսած բիզնես ընթացակարգերի համապատասխանեցումից մինչեւ տեղաբաշխում, շուկայի ստեղծում: Ուրախ ենք, որ այս ճանապարհն անցանք ցուցակված առաջին հայաստանյան առողջապահական կառույցի հետ՝ աջակցելով զարգացման ծրագրերի իրականացմանը եւ մեր ներդրումը ունենալով կապիտալի շուկայի զարգացման հարցում»։

«Վարդանանց» ՆԲԿ-ի պարտատոմսերի թողարկման եւ Բորսայում ցուցակման նպատակն է ներգրավել ֆինանսական միջոցներ նոր բժշկական ծառայությունների ներդրման, թվային տեխնոլոգիաների, մարդկային ռեսուրսի զարգացման եւ տարածաշրջանային մասնաճյուղերի ընդլայնման համար՝ շարունակելով ընկերության ռազմավարական զարգացման ճանապարհը։

Ընկերության պարտատոմսերի թողարկումը ներդրողներին ընձեռում է նոր հնարավորություն դիվերսիֆիկացնելու ներդրումային պորտֆելը՝ միաժամանակ ներդրում կատարելով առողջապահական համակարգի զարգացումը խթանող նախաձեռնությունների մեջ։

Ընկերության պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել բացառապես Հայաստանի ֆոնդային բորսայի առեւտրային համակարգի միջոցով՝ դիմելով բորսայի անդամ հանդիսացող ցանկացած բանկի կամ ներդրումային ընկերության, բացելով բրոքերային հաշիվ եւ ներկայացնելով համապատասխան հայտ:
Դիտում՝ 2541
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW
OSZAR »