Հայաստանի ֆոնդային բորսան եւ Կենտրոնական դեպոզիտարիան (AMX) ներդրել են Հեռավար մասնակցության (Remote Membership) մոդելը, որն ուղղված է ապահովելու օտարերկրյա ներդրողների հասանելիությունը Հայաստանի ֆոնդային բորսային։ Շուկայի հեռավար մասնակցի կարգավիճակը թույլ է տալիս օտարերկրյա բրոքերներին մասնակցել պետական պարտատոմսերի եւ արտարժույթի առեւտրին՝ առանց Հայաստանում ռեզիդենտ ընկերության գրանցման։ Այս փոփոխությունը կարեւոր եւ ռազմավարական քայլ է Հայաստանի կապիտալի շուկայի համար, քանի որ այն բացում է եւս մեկ պատուհան օտարերկրյա ընկերությունների համար՝ խթանելով միջազգային կապիտալի ներհոսքը Հայաստան եւ բարձրացնելով մեր շուկայի տեսանելիությունն ու հասանելիությունը համաշխարհային ներդրումային համայնքի համար։ Հեռավար մասնակցության միջոցով օտարերկրյա բրոքերները կարող են անմիջապես իրենց երկրից մասնակցել պետական պարտատոմսերի առեւտրին եւ արտարժույթի շուկային՝ լրիվ նախնական դեպոնացմամբ։Հեռավար մասնակցի կարգավիճակ կարող են ստանալ այն օտարերկրյա բրոքերները, որոնք բավարարում են Բորսայի «Անդամակցության եւ շուկային մասնակցության» կանոններով սահմանված պահանջներին։ Մասնավորապես, եթե տվյալ ներդրումային ընկերությունը գրանցված է այն պետությունում, որի արժեթղթերի շուկայի կարգավորումը եւ/կամ վերահսկողությունն իրականացնող մարմնի հետ ՀՀ Կենտրոնական բանկը համագործակցում է՝ ըստ հուշագրի կամ նմանատիպ փաստաթղթի։ Եթե բրոքերը գործունեություն է իրականացնում իր գրանցման երկրից տարբերվող օտարերկրյա պետությունում, ապա համագործակցությունը պետք է առկա լինի նաեւ տվյալ երկրի կարգավորող մարմնի հետ։ Համագործակցությունը համարվում է առկա նաեւ, եթե երկրի արժեթղթերի շուկայի կարգավորող մարմինը միացած է IOSCO-ի բազմակողմ փոխըմբռնման հուշագրին։ Կանոնին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ Բորսայի «Անդամակցության եւ շուկային մասնակցության» կանոնում։ Հեռավար մասնակցության մոդելը առաջին անգամ կիրառվեց մայիսի 30-ին գործարկված Tabadul hub-ին միանալու շրջանակում։ Առաջին անգամ Հայաստանի ֆոնդային բորսան՝ Հեռավար մասնակցության մոդելի եւ Tabadul հարթակի ներդրմամբ, օտարերկրյա բրոքերային ընկերություններին եւ ներդրողներին հասանելի դարձրեց AMXTrader առեւտրային համակարգի պետական պարտատոմսերը եւ արտարժույթի շուկայի հարթակը։ Tabadul հարթակի ներդրման շրջանակում Ալ Ռամզ ներդրումային ընկերությունը՝ տեղակայված Աբու Դաբիում, դարձավ Հայաստանի ֆոնդային բորսայի առաջին հեռավար անդամը եւ ստացավ հեռավար մասնակցի կարգավիճակ՝ միանալով Հայաստանի պետական պարտատոմսերի շուկային եւ արտարժույթի շուկայի հարթակին՝ առանց Հայաստանում ընկերության գրանցման։ «Մենք ստեղծել ենք հեշտացված եւ համաշխարհային ստանդարտներին համապատասխան մուտք Հայաստանի արժեթղթերի շուկա։ Այս նախաձեռնությունը բեկումնային է կապիտալի շուկայի միջազգային ինտեգրման եւ ներդրումային հոսքերի խթանման տեսանկյունից։ Հեռավար մասնակցության մոդելը հնարավորություն է տալիս միջազգային բրոքերներին պարզ, թափանցիկ եւ արդյունավետ մուտք գործել մեր շուկա՝ բարձրացնելով Հայաստանի՝ որպես ներդրումային ուղղության գրավչությունը»,- նշել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը։ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի տնօրեն Անի Մակարյանը հավելել է․ «Այս փոփոխության շրջանակում, հայաստանյան կարգավորված շուկային հեղինակավոր օտարերկրյա բրոքերների մասնակցությունը, կբերի նոր մշակույթ եւ նոր գործարար ստանդարտ ՀՀ կապիտալի շուկայի էկոհամակարգի համար»:Ներդրված նոր հնարավորությունը զգալիորեն վերափոխում է ներդրումային միջավայրը՝ հատկապես բրոքերների համար։ Այն հնարավորություն է տալիս օտարերկրյա բրոքերներին ընդլայնել իրենց գործունեությունը Հայաստանի կապիտալի շուկայում՝ խուսափելով ավելորդ գործառնական ծախսերից եւ իրավաբանական գրանցման բարդություններից։AMX-ը վստահ է, որ Հեռավար մասնակցության մոդելը ոչ միայն կուժեղացնի Հայաստանի կապիտալի շուկայի դիրքը տարածաշրջանում, այլեւ կբարձրացնի երկրի ներդրումային վարկանիշը ու գրավչությունը միջազգային ֆինանսական հարթակներում։ Tweet Դիտում՝ 2025